1989-2000

1990-1993թթ. «ՀԱԷԿ»-ի շինարարական վարչությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել աղետի գոտու վերակառուցման աշխատանքներին: Գյումրի քաղաքում կառուցվել և շահագործման է հանձնվել «Լեն ՀԷԿ» ավանը և Մայիսյանի քաղաքային կաթսայատունը դեպի Անի թաղամաս տանող իր ջերմամայրուղիներով: Կաթսայատանը մոնտաժված են ինչպես մազութով, այնպես էլ գազով աշխատող 4 հզոր կաթսաներ, որոնց հզորությունը թույլ է տալիս ապահովել ամբողջ Գյումրի քաղաքի ջեռուցումն ու տաք ջրի մատակարարումը: Կաթսայատան համալիրի մեջ կառուցվել են գլխավոր և ադմինիստրատիվ մասնաշենքեր, ստացիոնար գազակարգավորման կայան, քիմիական լաբորատորիա, մազութի մեծ պահեստարան, ծխատար երկաթբետոնե խողովակ 100 մետրից ավելի բարձրությամբ: Գյումրի քաղաքի Անի թաղամասում կառուցվել և շահագործման են հանձնվել 50 մոնոլիտ բնակելի շենքեր, դպրոց, շրջանային կաթսայատուն, մանկապարտեզ: Շիրակացու թաղամասում կառուցվել և շահագործման է հանձնվել 20 շենք: 

1993-1995թթ. ընկերությունը կրկին Ատոմակայանում  էր: Շատ մեծ է եղել անձնակազմի ներդրումը 1995թ. նոյեմբերին ՀԱԷԿ-ի վերաշահագործման աշխատանքներում: Իրականացվել են բոլոր կառույցների ուժեղացման աշխատանքները, որոնց արդյունքում շինությունների սեյսմակայունությունը հասցվել է 9 բալի: Կատարվել են նաև տարբեր տիպի սարքավորումների հիմքերի կառուցման և մոնտաժման, տեխնոլոգիական խողովակաշարերի և էլեկտրամալուխների անցկացման, գլխավոր մասնաշենքի տանիքի վերանորոգման աշխատանքներ: 

1994թ.-ից սկսվել և 2000թ.-ին հաջող ավարտի է հասցվել ՀԱԷԿ-ի «Պատասխանատու սպառիչների հովացման համակարգի» շինարարությունը, որն ապահովում է ՀԱԷԿ-ի կենսաապահովությունը այն դեպքում, երբ շարքից դուրս է գալիս գոյություն ունեցող սառեցման համակարգը: Այն իրենից ներկայացնում է 3 ջրացայտավազան՝ յուրաքանչյուրը 5 հազար մ³ ծավալով. համալիր` կառուցված հատուկ ավազե բարձիկի վրա իր 2 պոմպակայաններով, 10 կմ 130-800մմ տրամագծի խողովակաշարերով, ավելի քան 30 կմ մալուխային գծերի մոնտաժով, համակարգի տարածքի ժամանակակից պարսպապատումով: 

1997-1998թթ. կատարվել են ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքի  չոր պահպանման պահոցների շինարարական աշխատանքները: Կառույցը նախատեսված է միջուկային  վառելիքի երկարատև չոր պահպանման համար, 1000C ջերմության առկայության պայմաններում, ամբողջությամբ կառուցված մոնոլիտ երկաթ բետոնից, ավազե բարձիկի վրա: Աշխատանքները կատարվել են Ֆրանսիական “Framatom” ընկերության հետ համատեղ: 

1997թ. կառուցվել է Թալինի ջրանցքի մի հատվածը: 1999թ. կառուցվել է Արմավիրի մայր ջրանցքի 4կմ-ոց հատվածը ՆԿ0+00-ից ՆԿ38+17, ամբողջովին մոնոլիտ և հավաքովի կոնստրուկցիաներով, այդ թվում դյուկերներ, 6-9մ թռիչքով կամուրջներ, ջրացանկապատեր, խողովակաշարեր: